«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՔԿ-ն մերժել է Վահան Բադասյանի հաղորդման հիման վրա քրգործի հարուցումը

ՔԿ-ն մերժել է Վահան Բադասյանի հաղորդման հիման վրա քրգործի հարուցումը
02.12.2016 | 12:10

ՈՒսումնասիրելով Վահան Բադասյանի ներկայացրած բացատրությունները, Քննչական կոմիտեն որոշել է «հանցադեպի բացակայության հիմքով» մերժել քրեական գործի հարուցումը՝ հաղորդում է Քննչական կոմիտեն:
«ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում Վահան Բադասյանը նոյեմբերի 21-ին հաղորդում է ներկայացրել, որ ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի նախկին պետ Մովսես Հակոբյանը, եղբոր՝ Արայիկ Հակոբյանի հետ երկար տարիներ հանդիսանալով վերջինիս անվամբ գրանցված «Սիփան» ՍՊ ընկերության փաստացի սեփականատերը կամ փոխկապակցված անձ, չարաշահել է պաշտոնական դիրքը և շուկայական 90 դրամ արժեքից բարձր արժեքով՝ 1 կիլոգրամը 125-130 ՀՀ դրամով, ցորենի ձեռք բերման պայմանագիր է կնքել նշված ընկերության հետ, որի հետևանքով ՀՀ պաշտպանության նախարարությունից յուրացրել է մի քանի տասնյակ միլիոն դրամ գումար: Նույն օրը Վահան Բադասյանը բացատրություն է տվել, որ հանդիսանում է «Հադրութի ալրաղաց» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենը, զբաղվում է ցորենի մշակմամբ, ունի ալրաղաց և հացի արտադրամաս: 2011 թ. և 2012 թ. ՀՀ ՊՆ-ին մատակարարել է ցորեն, բոլոր ընկերությունները ցորենը մատակարարել են նույն գներով:

2016 թ. ՀՀ ՊՆ-ի կողմից ցորենի ձեռք բերման նպատակով հայտարարված մրցույթին չի մասնակցել, սակայն հետագայում իմացել է, որ 3 ընկերություն մասնակցել են մրցույթին, սակայն չեն հաղթել և պայմանագրեր չեն կնքել, իսկ մրցույթում հաղթող է ճանաչվել Արայիկ Հակոբյանին պատկանող «Սիփան» ՍՊ ընկերությունը, մյուս չափաբաժինները շահել են այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2016-ին ցորենի գնման վերաբերյալ ընդհանրապես պայմանագրեր չի կնքել: ՀՀ ՊՆ-ի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի կարիքների համար կնքվել են առաջին տեսակի ցորենի ալյուրի գնման պայմանագրեր, որի ամբողջ գործընթացը կազմակերպվել է սահմանված կարգին համապատասխան, մրցույթի մասնակիցների համար ապահովվել են հավասար պայմաններ և համապատասխան 9 չափաբաժինների համար հաղթող են ճանաչվել ներկայացվող պահանջներին բավարարող, նվազագույն գին ներկայացրած մասնակիցները, ինչը հիմնավորվել է նաև մրցույթին մասնակցած, այդ թվում՝ հաղթող չճանաչված կազմակերպությունների տնօրենների բացատրություններով:


Վահան Բադասյանի նշած 2 ընկերությունների ներկայացրած հայտերը մերժվել են՝ հրավերի պահանջներին չհամապատասխանելու պատճառով, որ ընդունել և չեն վիճարկել նաև նշված ընկերությունների տնօրեններն իրենց բացատրություններով: Իսկ Վ.Բադասյանի կողմից որպես պարտված նշված 3-րդ ընկերությունն իրականում ճանաչվել է հաղթող, որի հետ պայմանագիր է կնքվել՝ անհրաժեշտ ալյուրի 9 չափաբաժիններից մեկի վերաբերյալ:
«Սիփան» ընկերությունը հայտարարված մրցույթին մասնակցել է միայն մեկ չափաբաժին առաջին տեսակի ցորենի ալյուրի մատակարարման հավակնությամբ, որում ճանաչվել է հաղթող, և ընկերության հետ կնքվել է պայմանագիր՝ 1 կիլոգրամի համար 173 ՀՀ դրամ գնով: Վ. Բադասյանի կողմից որպես հաղթող ներկայացված մյուս ընկերությունն իրականում չի հաղթել. ներկայացված հայտը մերժվել է՝ առաջարկված գնի բարձր լինելու պատճառով:
Մրցույթի նախապատրաստման, դրանում հաղթող ճանաչելու և պայմանագրերի կնքման գործընթացում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը և նկարագրված գործընթացի հետ առնչություն ունեցող մյուս անձինք օրենքով սահմանված կարգով իրականացրել են իրենց լիազորությունները, ինչի արդյունքում մատակարարների հետ կնքված պայմանագրերով որպես ալյուրի գնման գին է սահմանվել տվյալ ժամանակահատվածում ձևավորված ալյուրի շուկայական գնից ցածր գին:
Այսինքն` 2016 թ. ՀՀ ՊՆ կողմից ալյուրի ձեռքբերման գործընթացը կազմակերպվել է օրենքով սահմանված կարգով, գործընթացում որևէ պաշտոնատար անձի կողմից լիազորությունների չարաշահում թույլ չի տրվել, պետական միջոցների յուրացում տեղի չի ունեցել և պետությանը վնաս չի պատճառվել:


Ընդ որում` մրցույթին մասնակցած կազմակերպությունների, այդ թվում՝ Բադասյանի մատնանշած և մրցույթում չհաղթած կազմակերպությունների սեփականատերերը հայտնել են, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով նախատեսված որակի ալյուրի արտադրության նպատակով ընկերությունների կողմից ձեռք բերված ցորենի մեկ կիլոգրամի գինը մրցույթի ժամանակահատվածում կազմել է 115-130 ՀՀ դրամ:Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016 թ. մայիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ԼՂՀ-ում առաջին տեսակի ալյուրի արտադրության միջին հանրապետական գինը կազմել է 195,3 ՀՀ դրամ, շուկայական գինը՝ 223,3-226,7 ՀՀ դրամ:
Քննության արդյունքներով որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով։ Որոշման պատճեններն ուղարկվել են Վ. Բադասյանին և Մ. Հակոբյանին՝ պարզաբանելով, որ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով այն կարող են բողոքարկել»,- նշված է ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 952

Մեկնաբանություններ